Book online with ginosi.com

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ
Տեսարժան վայրերը
Առինջ, Բջնի, Գառնի, Գեղարդ, Գետարգել, Եղվարդ, Զորավար, Կեչառիս, Հավուց Թառ, Մաքրավանք, Թեղենյաց, Նեղուց, Ժայռապատկերներ, Պտղնի, Մայրավանք, Առինջ (Լևոնի քարանձավ)
Բնաշխարհը
Արալեռ, Գառնու ձոր, Գեղամա լեռներ, Հատիս
Հոդվածներ
Արշավ դեպի Աժդահակ լեռ, 4 ձմեռային վերելք

Կոտայքի մարզը կենտրոնական դիրք է գրավում Հայաստանի Հանրապետության տարածքում: ՀՀ-ում այն միակ «ներքին» մարզն է: Կոտայքի մարզը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ, զբաղեցնելով հիմնականում նրա Կոտայք և Նիգ գավառները:

Բնական պայմանները և հարստությունները

Կոտայքի մարզը աչքի է ընկնում բնական պայմանների ու հարստությունների մեծ բազմազանությամբ: Այստեղ համեմատաբար սահմանափակ տարածության վրա հանդիպում են և´ բարձրաբերձ լեռնագագաթներ ու խոր կիրճեր, և´ լայնարձակ գետահովիտներ ու մեղմաթեք սարավանդներ: Գեղամա լեռները կազմող հրաբխային ապարների մեջ ներծծվող ջրերը աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև` Հրազդան և Ազատ գետերի կիրճերում: Հռչակված են Քառասունակնի, Արզնիի և Գառնիի աղբյուրները, որոնց սառնորակ ջրերը հատուկ խողովակներով հասցվում են նաև քաղաքամայր Երևանի բնակչությանը: Հրազդան և Ազատ գետերի կիրճերի առանձին հատվածներ բնական հիանալի հուշարձաններ են: Տպավորիչ են լավաների մեջ գոյացած բազալտե սյունաձև առանձնացումները` անձեռակերտ բազմանիստ պրիզմաները:

Բնակչությունը

Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ, բայց ներկայիս վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակության մեխանիկական աճը: Բազմաթիվ հայ ընտանիքներ վերաբնակվել են այստեղ դեռևս 1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը: Եկել են ինչպես Վրաստանից ու Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի շրջաններից: Մարզի բոլոր քաղաքային բնակավայրերի ծագումն ու զարգացումը պայմանավորված է ջրաէլեկտրակայնների Սևան-Հրազդան կասկադի և դրա հիման վրա` նոր գործարանների ու ֆաբրիկաների շինարարությամբ:

Քաղաքները

Կոտայքի մարզի քաղաքների շարքում ամենախոշորը Հրազդանն է, մարզային կենտրոնը: Այն կառուցվել է Ներքին Ախտայի և նրա հարևան մի քանի գյուղերի տեղում: Քաղաքի բուռն զարգացմանը մեծ չափով նպաստել է մարզի և ամբողջ հանրապետության տարածքի նկատմամբ նրա ունեցած կենտրոնական դիրքը և տրանսպորտային լավ ապահովվածությունը: Քաղաքը գտնվում է երկրի ճանապարհային ցանցում առանցքային դիրք գրավող Երևան-Սևան ավտոխճուղու վրա և միաժամանակ երկաթուղային հանգույց է: Հրազդանը աչքի ընկնող քաղաք է դարձել առաջին հերթին էներգետիկայի, շինանյութերի արդյունաբերության և մեքենաշինության այնպիսի հսկաների շնորհիվ, ինչպիսիք են` Հրազդանի ջերմաէլեկտրակայնը (հզորագույնն է երկրում), ցեմենտի գործարանը, «Հրազդանմեքենա» գործարանը:

Մարզի երկրորդ քաղաքը Աբովյանն է (նախկին` Էլար): Այն ստեղծվել է որպես Երևանի արբանյակ քաղաք և Հայաստանի արդյունաբերական բուռն զարգացման տարիներին դեպի իրեն է ձգել նոր կառուցվող գործարաններ և դրանով իսկ դանդաղեցրել Երևանի անհարկի աճը: Այդ հիմնավորումով այստեղ ստեղծվել են աշխատատար ճշգրիտ մեքենաշինության, հատկապես էլեկտրոնային սարքաշինության հզոր ձեռնարկություններ:Կոտայքի մարզի և ամբողջ հանրապետության տնտեսական կյանքում իրենց ուրույն տեղն ունեն մյուս քաղաքները ևս: Օրինակ, Չարենցավանը հայտնի է որպես մեքենաշինության, Նոր Հաճնը` սարքաշինության ու ադամանդների մշակման, Ծաղկաձորը` առողջարանային կենտրոն:

* * *

Կոտայքի մարզում են գտնվում Արզնի և Հանքավան առողջարանները (հանքային աղբյուրների մոտ), Մարմարիկի առողջարանային գոտին` բազմաթիվ հանգստի ու առողջարանական ճամբարներով: Այստեղ է Ծաղկաձորի մարզական օլիմպիական համալիրը, որտեղ թե´ ձմռանը և թե´ ամռանը հանգստանում և կամ իրենց սպորտային վարպետությունն են բարձրացնում մեծաթիվ այցելուներ Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru

FindArmenia.ru
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ