Book online with ginosi.com

Թորոս Թորամանյան

(1864-1934)

ճարտարապետություն. Թորոս ԹորամանյանԹորոս Հարությունի Թորամանյանը ծնվել է 1864թ. սեպտեմբերի 18-ին` Շապին Գարահիսար գյուղում: Նա հայ ճարտարապետ էր, հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր: Սովորել է ծննդավայրի հայկական դպրոցում, ճարտարապետի բարձրագույն կրթությունը ստացել Կ. Պոլսի գեղարվեստից վարժարանի ճարտարապետության բաժնում (1888—93), աշխատել որպես նախագծող ճարտարապետ: 1895-ի՝ Կ. Պոլսի հայ բնակչության երկօրյա կոտորածը ստիպել է Թորամանյանին հեռանալ Բուլղարիա, ուր 1898-ից նրա նախագծերով կառուցվել են մենատներ և հասարակական շենքեր: 1900-ին տեղափոխվել է Ռումինիա: 1902-ին մեկնել է Փարիզ ճարտարապետության ասպարեզում գիտելիքները խորացնելու նպատակով: Հին աշխարհի ճարտարապետությանը մոտիկից ծանոթանալու համար եղել է Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում: 1903-ին բանասեր Կ. Բասմաջյանի հետ եկել է Անի՝ ճարտարապետության հուշարձանների ալբոմ կազմելու մտադրությամբ: Անիի ճարտարապետությունը իր ինքնատիպությամբ ու կատարելությամբ Թորամանյանի համար անակնկալ էր. այդ մեծ արվեստին անհաղորդ էին ոչ միայն եվրոպական, այլև հայ գիտնականները: Անիի հուշարձանների ուսումնասիրությանը Թ. ձեռնամուխ է եղել՝ չունենալով անհրաժեշտ նյութական միջոցներ և 1904-ի գարնանը ստիպված մեկնել է Էջմիածին, ուր ստանձնել է Զվարթնոցի չափագրման ու պեղումները շարունակելու գործը: 1904-ի ամռանը Ն. Մառը սկսել է Անիի պարբերական պեղումները: Թ. մասնակցել է պեղումներին: Անիում նա ուսումնասիրել ու չափագրել է՝ եկեղեցիներ (Առաքելոց, Կաթողիկե, Գագկաշեն, Հովվի, Տիգրան Հոնենցի, Փրկչի, Վրաց, Ապուղամրենց են), պալատներ, հյուրատներ, բնակելի տներ, քարավանատներ, պարիսպներ, կամուրջներ, ստեղծել է վերակազմության նախագծեր, որոնցով Անիի ավերակները գիտության համար վերակենդանացել են. «Ես առավել առողջ լույս եմ սպասում ճարտարապետության հուշարձանների լեզվից, երբ մենք սովորենք այն հասկանալ: Թորամանյանի մեջ ես տեսնում եմ այդ լեզվի առաջին ուսուցչին» (Ն. Մառ):

Թորամանյանը Էջմիածնում աշխատել է Զվարթնոցի վերակազմության նախագծի վրա, միաժամանակ ուսումնասիրել ու չափագրել է Հոռոմոսի համակառույցը, Արգինայի եկեղեցին, Տեկորի տաճարը: Նա ուսումնասիրել է նաև Շիրակի և Արագածոտն գավառի հատկապես V—VII դդ. հուշարձանները: 1909-ին Մառը Թորամանյանի գծագրերը ներկայացրել է Պետերբուրգի կայսերական ակադեմիայի գիտաժողովհն: Նրան հատկացվել է նյութական օժանդակություն: 1905-ին Թ. ավարտել է Զվարթնոցի վերակազմության նախագիծը՝ հայկական ճարտարապետության ուսումնասիրման բարձրագույն նվաճումը, իսկ «Զվարթնոցի եկեղեցին» (1905) ուսումնասիրության հրատարակմամբ հիմք դրել հայերեն լեզվով ճարտարապետության գիտական գրականությանը: Այնուհետև տպագրվել են Թորամանյանի «Էջմիածնի տաճարը» (1909, ռուս., 1910, հայ.), «Կաթիլ մը հայ գեղարվեստի ծովեն» (1908),«Տեկորի տաճարը» (առանձին գրքով, 1911), «Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ» (1911), «Անի քաղա՛ք, թե ամրոց» (1912), «Հայ ճարտարապետության շրջանները» (1911), «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին» (1911) են: Նրատեսություններն արձագանք են գտել ռուս և եվրոպական գիտության մեջ. «ճարտարապետության պատմության մեջ Թորամանյանը առաջ բերեց մի ամբողջ հեղաշրջում: Մինչև նրա աշխատանքների երևան գալը եվրոպական գիտությունը չէր ընդունում ինքնուրույն հայկական ճարտարապետության  գոյությունը: Շնորհիվ Թորամանյանի աշխատությունների, որոնք արևելյան գեղարվեստի պատմության մեջ մի առանձին շրջան են կազմում, եվրոպական գիտությունը ճշտում է իր սխալը և նրանում բացվում է ինքնուրույն էջ հին հայ ճարտարապետության համար» (1912, «Կայսերական հնագիտական հանձնաժողովի տեղեկատու»): 1912-ին Վիեննայի արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր Յո. Ստրժիգովսկու առաջարկով Թորամանյանը Վիեննա է ուղարկել իր ուսումնասիրությունները: 1913-ին նույն ինստիտուտի գիտական սեսիայում Թորամանյանի աշխատություններն արժանացել են արվեստի լավագույն աշխատանքի մրցանակին, նրա հետ պայմանագիր է կնքվել Յո. Ստրժիգովսկու մասնակցությամբ Վիեննայում հայկական ճարտարապետության վերաբերյալ ուսումնասիրություն հրատարակելու համար:

1914-ին նա մեկնել է Վիեննա՝ իր հետ տանելով 1000 թերթից ավելի գծագրեր, չափագրություններ ու վերակագմության նախագծեր, տասնյակ նեգատիվներ ու լուսանկարներ: Ուսումնասիրական որոշ լրացումների նպատակով Թ. վերադարձել է Հայաստան: Սկսվել է առաջին համաշխարհային պատերազմը, և նա զրկվել է Վիեննա վերադառնալու հնարավորությունից: Յո. Ստրժիզովսկին Թորամանյանի գիտական նյութերի հիման վրա,առանց նրա համաձայնության, 1918-ին հրապարակել է «Հայկական ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատությունը գերմաներեն, հիշատւսկելով, որ գծագրական նյութերի հեղինակը Թորամանյանն է: Տարիների տքնաջան աշխատանքի այդպիսի վախճանը ճարտարապետի համար մեծ ողբերգություն էր: 1918—20-ի գաղթի տարիներին նա կորցրեց նաև իր արխիվը. հրատարակության պատրաստ գիտական ինը աշխատության ձեռագրեր, օրագրեր և փաստաթղթեր, 300-ից ավելի մասնագիտական հազվագյուտ գրքեր: Սովետական իշխանության հաստատման առաջին իսկ տարիներից Թորամանյանին կենսաթոշակ է նշանակվել: 1923-ին նրա մասնակցությամբ ստեղծվել է հուշարձանների պահպանության կոմիտե: Թ. եղել է կոմիտեի աշխատակից: Կյանքի վերջին տարիներին նա փորձել է իր ուսումնասիրություններն ամփոփել «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» խորագրով մի ընդարձակ աշխատության մեջ: Շուրջ 30 տարի շրջելով Հայաստանում՝ Թորամանյանը չափւագրել, լուսանկարել ու նկարագրել է հարյուրավոր հուշարձաններ, որոնցից շատերը պահպանվել են միայն նրա նյութերով: Թորամանյանը հայ ճարտարապետության պատմությունը ստեղծել է հուշարձանները տեղում բազմակողմանի ուսումնասիրելու հիման վրա, որոնք սկզբնաղբյուր են դարձել Մառի, Ստրժիգովսկու, ինչպես և ճարտարապետության պատմությամբ զբաղվող մյուս գիտնականների համար: Նրա նախագծերով վերակազմվել են հիմնահատակ ավերված, գեղարվեստական ու կառուցողական հազվադեպ արժեք ունեցող հուշարձաններ, որոնք մեծ համբավ են բերել Հայաստանի միջնադարյան ճարտարապետությանը: Նա առաջինն էր, որ դասակարգեց ու բնութագրեց հայկական ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտեց ու բնութագրեց նրա ինքնատիպությունը, պատմական տարբեր շրջաններում նրա օրինաչափ զարգացումը, ոճական ամբողջականությունը: Շնորհիվ Թորամանյանի հայկական ճարտարապետությունը միջազգային ճանաչում ստացավ որպես ինքնուրույն ճարտարապետական ոճ: Թորամանյանը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: ՀՍՍՀ ԳԱ Նախագահությունը 1969-ին սահմանել է Թորամանյանի անվան հուշամեդալ: Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ