Book online with ginosi.com

Հովհաննես Շիրազ

(1915 - 1984)

Գրականություն. Հովհաննես Շիրազ1932թ. Լենինականի (ներկայիս` Գյումրի) տեքստիլ գործարանի թերթում տպագրվեցին նույն գործարանի բանվոր, լենինականցի պատանի Հովհաննես (Օնիկ) Կարապետյանի բանաստեղծությունները, որոնք իրենց անկեղծությամբ անմիջապես հրապուրեցին ընթերցողին: Այդ բանաստեղծությունները նկատվեցին նաև գրական աշխարհի կողմից:

` այսպես մկրտվեց թարմ բանաստեղծական պատկերների, թրթռուն զգացմունքների և բնության գույների ինքնատիպ երգիչը: Նրան ջերմորեն ընդունեցին Ալ. Շիրվանզադեն, Ավ. Իսահակյանը, մյուս արվեստագետները, նրան սիրեց ժողովուրդը: Նա մուտք գործեց հայ բանաստեղծական անդաստանը ` շռայլ ու շռնդալից, պայծառ ու հախուռն` ընթերցողներին պարգևելով բնության և մարդկային հոգու գեղեցկության բանաստեղծական մի դյութիչ աշխարհ:

Դառն է եղել Հովհ. Շիրազի մանկությունը: Ծնվել է 1915թ. ապրիլի 26-ին Ալեքսանդրապոլ քաղաքում: Դեռ հինգ տարին չբոլորած` զրկվել է հորից: Ապագա բանաստեղծն իր նման որբ և անապաստան երեխաների հետ թափառել է փողոցից փողոց, ջուր ծախել, ապա հայտնվել է որբանոցում, սակայն այնտեղ երկար չի մնացել, փախել է` կրկին միանալով ընկերներին: «Մանուկ էինք ժիր ու խայտակն», «Ջուր ծախողը», «Գտա», «Իմ կուլայով այս պուճուր» և ուրիշ բանաստեղծություններում հյուսվել են այդ տարիների պատկերները: «Մանկությունս կորավ, որպես ջուր ծախողի կոտրած կուժ»,- հետագայում տխրությամբ հիշում է բանաստեղծը:

Այնուհետև Լենինականի բաներիտ դպրոցի սանը դառնում է Երևանի պետական համալսարանի բանասիրականի ուսանող, ապա համաժողովրդական ճանաչում և սեր վայելող բանաստեղծ` իր «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրքը», «Լիրիկա», «Քնար Հայաստանի», «Հուշարձան մայրիկիս» ժողովածուներով, «Բիբլիական», «Անի», «Սիամանթո և Խջեզարե» և այլ պոեմներով, հայրենաշունչ, ազնիվ զգացումներով համակված բանաստեղծություններով:

Հովհ. Շիրազն իր սերնդի հոգևոր կյանքի ու ոգեղեն զգացումների, նրա ջահելության ու երազների երգիչն էր: Նրա քնարերգության մեջ իշխում են գարնան զվարթ պատկերները, բնության հավերժ նորոգ ու կենդանի գույները, կյանքի ու մարդու ներդաշնակ ապրումների խորհրդավոր զուգորդումները, կենսուրախ ու պայծառ տրամադրությունները:

Հովհ. Շիրազը ժողովրդի կողմից սիրվեց նաև որպես մայրական սիրո և հայրենիքի երգիչ:

Հայ գրականության համար սրանք ավանդական, հավերժական թեմաներ են: Սակայն մնայուն են այն գրողների երկերը, ովքեր ինքնատիպ գեղարվեստական հնարքներով ու ոճով նոր բովանդակություն են հաղորդել այս թեմաներին` հարստացնելով նախորդների ստեղծածը:

Մայրը Շիրազի մեկնաբանությամբ նկուն է ու փխրուն, զգայուն ու ջերմ, բարի ու անչար, միաժամանակ` իմաստուն ու խոհուն, ամուր ու տոկուն: Նա հավերժն է...

Մոր ներկայությունը բավական է, որ աշխարհը լցվի ծով բարությամբ, մեկ անգամ չէ, որ բանաստեղծը մորը համեմատում է Աստծո հետ: Մոր նկատմամբ կարոտի, չխամրող սիրո ու հիշատակի տուրք է «Ձյուն է իջնում, կուտակվում...» բանաստեղծությունը, ուր մայր անունը կրկին դրվում է Աստված և հրեշտակ զուգահեռի կողքին:

Հայրենասիրական բանաստեղծություններում չեն նվազում հույզերն ու զգացմունքները, չի պակասում սերը մոր նկատմամբ: Բանաստեղծի համար հայրենիքն սկսվում է վաղ մանկության հիշատակներից` օրորոցից, հայրենի օջախից, դռան մոտով հոսող առվից, երկնաբերձ բարդուց` վրան արագիլի բույն, և շարունակվելով` ընդարձակվում է մինչև Մասիս ու Արաքս, մայր ու մայրենի լեզու: Երբ նա խոսում է գերության մեջ մնացած Մասիսի ու Վանի մասին, թվում է` ողջ հայ ժողովրդի կարոտն ու խոհն է հավաքվել, ի մի բերվել բանաստեղծի հոգու և մտքի մեջ, ապա ժայթքել բառերի ու պատկերների ձևով: Հայրենիքին նվիրված երգերի մեջ հառնում են նաև հայրենի երկրի պատմությունն ու մշակույթը, մեր ժողովրդի հավերժության խորհուրդը մարմնավորող հայոց մեծերը` Մաշտոց ու Կոմիտաս, Վարդան ու Անդրանիկ, Աբովյան ու Իսահակյան...

Հովհ. Շիրազի շատ բանաստեղծություններ կենսափիլիսոփայական խորք անեն: Նա խորհում է կյանքի ու մահվան, բնության շարժման ու տիեզերքի անքննելի էության մասին: Ահա բնության մի պատկեր, ուր պահի մեջ երևում է հավերժը, վախճանի մեջ` կյանքի ծնունդը.

Ձյունը լալիս է, ձմեռն է մեռնում,
Ձյան անցած ճամփով` զվարթ ու անվիշտ
Գարունը գալիս` աշխարհն է բռնում...
Երանի մեռնող ձյուներին, որ միշտ Հետևից կանաչ գարուն են թողնում:

Իմաստասիրական մեծ խորք ունի Շիրազի «Բիբլիական» պոեմը: Պոեմում աշխարհաստեղծման աստվածաշնչյան առասպելը նորովի է մեկնաբանվում: Բանաստեղծն այդ առասպելը միջոց է դարձրել փառաբանելու մարդ արարածին, նրա արարչագործ ոգին և ուժը:

Հովհ. Շիրազի քնարերգության գեղեցիկ էջերից են նրա բնության երգերը: Բանաստեղծին հոգեհարազատ է հատկապես գարունը, որը խորհրդանշում է զարթոնք, սկիզբ, ջահելություն և նորոգ զգացմունքներ: Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որ լույս տեսավ 1935թ., կրում էր «Գարնանամուտ» խորագիրը: Այդ ժողովածուի մեջ տեղ գտած բանաստեղծություններից է «Գարնանամուտը», մի բանաստեղծություն, որ երիտասարդ հոգու պոռթկում է, գարնան կենսաբեր ու զվարթ տրամադրության մի երգ:

Գարնան զարթոնքի երգ է նաև հանրաճանաչ «Թագադրում» բանաստեղծությունը: Բանաստեղծը, արբեցած գարնան շնչով, դուրս է գալիս` ողջ էությամբ ձուլվելու մայր բնությանը, դառնալու նրա մի մասնիկը: Նա ցանկանում է իրեն հայտարարել գարնան թագավոր և մի հրովարտակ արձակել, որը հավերժ կենդանի պահելով բնությունը` երջանկություն է բերելու մարդկանց: Բանաստեղծի երջանկությունը պայմանավորված է ողջ մարդկության երջանկությամբ: Բանաստեղծությունն իմաստասիրական խոհ է հավերժի ու կատարյալի մասին` շաղախված բանաստեղծի հոգու ջերմությամբ, հույզով ու զգացմունքների առատությամբ:
Հայրենի երկրի ու ժողովրդի ճակատագիրը բանաստեղծի համար միշտ առաջնային է եղել: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հովհ. Շիրազը տագնապով էր հետևում ծավալվող իրադարձություններին և իր քնարով ձգտում էր լավատեսություն ներշնչել հայ զինվորներին: Այդ տարիներին գրած բանաստեղծություններից մնայուն արժեք ունի «Էքսպրոմտը»` վեցտողանի մի ստեղծագործություն, որ իր հակիրճությամբ ավելին է ասում մեր ժողովրդի տոկունության, համառության ու հավերժության մասին, քան ծավալուն շատ գործեր: Ահա մեկ ուրիշ բանաստեղծություն` «Հայ ժողովրդի երգը» (նախապես` «Վերելք»): Բանաստեղծությունը ջահել հոգու, մաքուր զգացմունքների և անհաս բարձունքներին հասնելու ձգտող անհատի ոգեղեն երգն է: Անհատական զգացմունքների մեջ, սակայն, դրսևորվում են ժողովրդի` իր ճանապարհին հանդիպող խոչընդոտները հաղթահարելով միշտ վեր բարձրանալու, հավերժանալու ձգտումն ու կամքը:

Շիրազն իր ողջ էությամբ կապված էր ժողովրդին ու հայրենի հողին: Նրան հարազատ էին ժողովրդի ստեղծած գանձերը, նրա ընդերքի անսպառ հարստությունները: Պատահական չէ, որ նրա ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում ժողովրդական ավանդույթների, զրույցների, Լեգենդների մշակումները: Ուշագրավ են նաև Շիրազի առակները, որոնց մեջ հեղինակն այլաբանորեն արծարծում է հասարակական կյանքում ու կենցաղում տեղ գտած բացասական արժեքների, կողք-կողքի ապրող լավի ու վատի, գեղեցիկի ու տգեղի հարցերը:

Հովհ. Շիրազի ողջ ստեղծագործությունը գեղարվեստական պատկերների մի իսկական հրավառություն է: Նա շռայլորեն վարձատրված էր իր այնքան սիրելի բնությունից, և իր ողջ տաղանդը նվիրաբերեց ժողովրդին` նրան վերադարձնելով այն անսպառ գանձերը, որ քաղել էր նրա ընդերքից:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ