Book online with ginosi.com

Արագած լեռը

Արագածոտն

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը:

Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո գալիս են Հյուսիսարևմտյանը՝ 4080մ, Արևելյանը՝ 3916մ և Հարավայինը՝ 3879մ: Ստորոտի եզրագծի երկարությունը 200կմ է: Գագաթների միջև ընկած է 350մ խորությամբ և 3կմ լայնությամբ խառնարանը, որը հարավարևելյան կողմի էրոզիոն բացվածքով կապվում է շրջապատին:

Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ  արքայի (որը նույն Արգիշտին է) հետ. Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ (Ամբերդ, Տեղեր):

Արագածը մասնատվել է ճառագայթաձև տարածվող մի շարք խոշոր հովիտներով՝ Գեղարոտի, Ամբերդի, Մանթաշի և այլն: Արագածից բխում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ: Ձնհալքը, անձրևաջրերը և աղբյուրները սկիզբ են տալիս բազմաթիվ գետերի՝ Գեղարոտ, Ամբերդ, Նարիշդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլն: Արագածի վրա գտնվում են մի շարք գեղատեսիլ լճեր՝ Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն:

Արագածում միմյանց հաջորդում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և ձյունամերձ գոտիները:

Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C - +10°C, տեղումները՝ 300-900մմ և ավելի: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ:

Մերձգագաթային գոտում ամռանը զով է, լինում են նաև ցրտեր: Ձմեռը երկարատև է, խիստ ու ձնառատ: 0°-ից ցածր ջերմաստիճանով օրերի թիվը միջինում տարեկան 220 է: Առկա է կայուն ձնածածկույթ (միջինում՝ տարեկան 250 օր):

Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ արոտավայրերով: Մարգագետինները լի են անուշահոտ ծաղիկներով՝ մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն: Բարձր լեռնային գոտուն (2800-3400մ) բնորոշ են բազմերանգ «ալպյան գորգերը» և ձյունամերձ բուսականությունը: Հարավային լանջին (1800-2300մ) կա փոքրիկ կաղնու անտառ:

Արագածի կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են ճագարամուկը, նապաստակը, աղվեսը, գայլը, մողեսները, մասամբ կրիաներն ու օձերը, շատ են թռչունները:

Լեռնազանգվածը հրաբխային լավաներով ծածկված վահանաձև բարձրացում է, որի վրա ավելի ուշ ձևավորվել է հրաբխային կոնը: Հնագույն սառցապատումների ներգործությամբ հրաբխի խառնարանը վերածվել է ժայռային գագաթներով եզերված սառցադաշտային վիթխարի կրկեսի: Դրա հատակում կարելի է հանդիպել մնացուկային սառցադաշտեր:

Արագածի ծագման և հասակի վերաբերյալ կա 2 տեսակետ: Համաձայն առաջինի, այն տարասեռ ծալքաբեկոր հիմքի վրա տեղավորված միոցենի տարիքի խոշոր հրաբուխ է, որի խառնարանի մնացորդները գագաթներն են: Ըստ երկրորդի՝ Արագածը հարավ-արևելյան տարածում ունեցող խոշոր բրախիանտիկլինալ է՝ կազմված օլիգոցենի հասակի հրաբխային ապարներից:

Հարավ-արևելյան լանջին Բյուրականի աստղադիտարանն է, մերձգագաթնային սարավանդի վրա՝ տիեզերական ճառագայթների հետազոտման և բարձրալեռ օդերևութաբանական կայանները, Մանթաշի հովտում՝ խոշոր ջրամբար: Արդյունահանվում են հրաբխային ծագում ունեցող բազմաթիվ շինանյութեր՝ տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն:

Արագած լեռը սերտորեն կապված է Հայաստանի զբոսաշրջիկության հետ: Այն հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: Արագածին են նվիրված բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ